Խնամակալության և հոգաբարձության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-42-րդ հոդվածներով և այլ իրավական ակտերով: Խնամակալությունը և հոգաբարձությունը քաղաքացիական, ընտանեկան, վարչական իրավունքի նորմերով կարգավորվող համալիր ինստիտուտ է: Քաղաքացիական իրավունքի նորմերով այդ ինստիտուտի ընդհանուր հարցերը կարգավորվում են այնքանով, որքանով դա անհրաժեշտ է քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակից սուբյեկտների գույքային իրավունքների և շահերի կարգավորման, խնամարկյալների գույքի կառավարման անխաթար իրականացումն ապահովելու համար:
Խնամակալությունը և հոգաբարձությունը սահմանվում են անգործունակ կամ ոչ լրիվ գործունակ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:x
Խնամակալությունը սահմանվում է 14 տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:
Հոգաբարձությունը սահմանվում է 14-18 տարեկան անչափահասների ինչպես նաև դատարանով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ:
Հոգաբարձուները համաձայնություն են տալիս այնպիսի գործարքներ կնքելու համար, որոնք հոգաբարձության ներքո գտնվող անձինք իրավունք չունեն ինքնուրույն կնքելու:
Հոգաբարձուներն աջակցում են հոգաբարձության ներքո գտնվող անձանց` իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս, ինչպես նաև պաշտպանում են նրանց երրորդ անձանց չարաշահումներից:
Խնամակալները խնամարկյալների օրինական ներկայացուցիչներն են և նրանց անունից ու ի շահ նրանց կատարում են անհրաժեշտ գործարքներ: Հոգաբարձուներն աջակցում են հոգաբարձյալների իրավունքների իրականացմանը, ինչպես նաև նրանց պաշտպանում են երրորդ անձանց չարաշահումներից, համաձայնություն են տալիս այն գործարքների կատարման համար, որպիսիք հոգաբարձյալներն ինքնուրույն կատարելու իրավունք չունեն:
Խնամակալները և հոգաբարձուներն առանց հատուկ լիազորության հանդես են գալիս իրենց խնամարկյալների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած անձանց հետ հարաբերություններում, ներառյալ` դատարանում:
Խնամակալները խնամարկյալների ներկայացուցիչներն են օրենքի ուժով և նրանց անունից ու ի շահ նրանց կնքում են բոլոր անհրաժեշտ գործարքները:
Անչափահասների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանվում են նրանց ծնողների, որդեգրողների բացակայության, դատարանով ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ անչափահասներն այլ պատճառներով մնացել են առանց ծնողական խնամքի, մասնավորապես, երբ ծնողները խուսափել են նրանց դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից:
Խնամակալ կամ հոգաբարձու նշանակում է խնամակալության ու հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը` 1 ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից երբ նշված մարմնին հայտնի է դարձել քաղաքացու նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտությունը: Խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի նկատմամբ, մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններն իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:
Խնամակալներ և հոգաբարձուներ նշանակվում են չափահաս գործունակ քաղաքացիները: Խնամակալներ և հոգաբարձուներ չեն կարող նշանակվել ծնողական իրավունքներից զրկված քաղաքացիները:
Խնամակալության և հոգաբարձության պարտականությունները կատարվում են անհատույց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Անչափահաս քաղաքացիների խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են իրենց խնամարկյալների հետ ապրել համատեղ: Տասնվեց տարին լրացած խնամարկյալից հոգաբարձուի առանձին ապրելը թույլատրում է խնամակալության և հոգաբարձության մարմինը, եթե դա անբարենպաստ չի անդրադառնում խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների ու շահերի պաշտպանության վրա:
Մաթևոս Վարդանյան 11-1 դաս.