понедельник, 28 января 2013 г.

Ալեքսանդր Մանթաշով (Մանթաշյան ) 1842-1911


Ծնվել է Թիֆլիսում, 1842թ. մարտի 3-ին։ Հայրը մանուֆակտուրայի վաճառական էր։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում եւ ստացել հիմնավոր կրթություն։ Տիրապետում էր մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն եւ անգլերեն։ 1864թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ եւ առեւտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի եւ Պարսկաստանի հայ վաճառականների միջեւ։ 1868թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում եւ առեւտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջեւ։

Վերադառնալով Թեհրան, որտեղ Հովհաննեսը վաղուց էր ծավալել իր առեւտրական գործունեությունը, 1878թ. իրենց առեւտուրը տեղափոխում է Թիֆլիս։ 1886թ. մահանում է Ալեքսանդրի մայրը, եւ հայրը, խոր վիշտ ապրելով՝ շուտով կնքում է իր մահկանացուն։ Հայրը որդուն ժառանգություն էր թողել բավական մեծ գումար՝ 200.000 ռուբլի դրամագլուխ։ Հոր մահից հետո Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու եւ սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Շուտով Մանթաշյանցի նավթի առեւտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա... Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Բացի այդ, նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։         Առեւտրական գործունեությանը զուգընթաց՝ Ալ. Մանթաշյանցը շատ կարեւոր էր համարում ազգօգուտ հասարակական աշխատանքները, որոնք նա իրականացնում էր Թիֆլիսի բարեգործական ընկերության միջոցով։ Մինչեւ 1895թ. նա ընկերության փոխնախագահն էր, այնուհետեւ ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Կրոնասիրությունը Մանթաշյանցի մոտ պատահական արտահայտություն չէր, այլ որոշակի հիմքեր ունեցող համոզմունք, որն արտացոլվում էր նրա յուրաքանչյուր քայլում։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով եւ ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։ Հաճախակի լինելով Փարիզում՝ նրա մեջ հղանում է այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու միտքը։ Դրա համար 450.000 ֆրանկով մի տարածություն է գնում Փարիզի կենտրոնում։ Այնուհետեւ եկեղեցու շինարարության համար տրամադրում է 1.540.000 ֆրանկ, որը կառուցվելուց հետո նվիրաբերում է հայ գաղութին՝ լրացուցիչ վճարելով 120.000 ֆրանկ նոտարական ծախս։ Համարելով, որ հայ ազգը եւ հայ եկեղեցին մի միություն են, նա իր բարեգործությունների մեծ մասը հատկացնում էր ազգային-եկեղեցական հաստատություններին։ Պատահական չէ, որ նրա միջոցներով Կովկասի տարբեր վայրերում հիմնվել են մի շարք նոր եկեղեցիներ։        

Բացի կրոնական խնդիրներից, Ալ. Մանթաշյանցի սրտին շատ մոտ էին ազգային կրթական եւ մշակութային հաստատություններին աջակցելն ու դրանց հետ կապված մյուս միջոցառումները։ Նա հնարավոր բոլոր միջոցներով նպաստում էր հայկական դպրոցների հիմնադրմանը, սահմանում կրթական թոշակներ, օգնում թերթեր, ամսագրեր հրատարակելու գործին, նպաստներ նշանակում ոչ միայն մտավորականներին, այլեւ կարիքավոր բոլոր խավերին։ Նրա հիմնած կրթական հաստատություններից մեկն էր Թիֆլիսի առեւտրական դպրոցը, որը կրում էր նրա անունը։ 1900 թվականից սկսած՝ առաջնահերթ էր դարձել Ներսիսյան դպրոցի համար նոր շենք կառուցելու խնդիրը։ 1909թ. դրվեց շենքի հիմնաքարը։ Շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը հասավ 300.000-ի, որը սիրով տրամադրեց մեծ բարերարը։ «Ուսանողը մեր ապագան է». սա էր Մանթաշյանցի սկզբունքը. Սկսած 1881 թվականից՝ նա տարեկան 200 ուսանող որդեգիրներ էր պահում։ Այդ ուսանողներից էին Նիկողայոս Ադոնցը, Ալեքսանդր եւ Կոնստանտին Խատիսյան եղբայրները, Ստեփան Շահումյանը, Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Սիամանթոն, Քրիստափոր Պետրոսյանը, Հակոբ Մանանդյանը, Հայկանուշ Դանիելյանը եւ բազմաթիվ տաղանդավոր այլ երիտասարդներ։ Նա նյութապես ապահովել է նաեւ բազմաթիվ հայ գրողների, այդ թվում՝ Հովհ. Թումանյանին, Ալ. Շիրվանզադեին, Մուրացանին, Մինաս Չերազին, Ա. Չոպանյանին, Սիամանթոյին, Հովհ. Շահնազարին եւ այլոց։ Ալ. Մանթաշյանցը բազմանդամ ընտանիքի հայր էր (ամուսնացել էր Թիֆլիսի ճանաչված ընտանիքի դուստր Դարյա Թամամշյանի հետ)։ Ուներ ութ զավակ՝ 4 աղջիկ եւ 4 տղա։ Կինը տառապում էր շաքարախտով. 1910թ. նա վախճանվում է։ Ծանր տանելով կնոջ կորուստը՝ Մանթաշյանցը դարձել էր մռայլ ու մենակյաց։ Աղջիկներն ամուսնացած էին, տղաները սովորում էին Պետերբուրգում։ 1911թ. գարնանը Մանթաշյանցի առողջական վիճակը բարդացավ. երիկամներն այլեւս չէին ծառայում։ Այդ տարում էլ մեծ բարերարը կնքեց իր մահկանացուն։ Պետերբուրգից նրա աճյունը տեղափոխվեց Թիֆլիս. գնացքի յուրաքանչյուր կանգառում հավաքված հայազգի բազմությունն իր հարգանքի տուրքն էր մատուցում՝ ծաղկեպսակներով ու ծաղիկներով ծածկելով աճյունը։ Թիֆլիսի մեծահարուստներից մեկը՝ Արկադի Միրովը, այսպես է ձեւակերպել Մանթաշյանցի հայասիրությունը. «... մի կտուրի տակ միավորել բոլոր հայերին եւ բոլորին անխտիր դարձնել հարուստ»։ Ռուսաստանի, Կովկասի, եվրոպական մի շարք քաղաքների հայաշատ գաղութների հայկական եկեղեցիներում տեղի են ունեցել հոգեհանգստի արարողություններ։ Հուղարկավորությանը մասնակցում էին բազմահազարանոց թափոր, 24 քահանա։

Կառքերի առջեւից տանում էին 170 պսակ։ Հետաքրքիր է նաեւ Մանթաշյանցի կտակը, ըստ որի՝ նրա աճյունն ամփոփվում է իր իսկ կառուցած՝ Թիֆլիսի հայկական վանքի եկեղեցում։ 1938թ. Լավրենտի Բերիայի կարգադրությամբ քանդվում, հողին են հավասարեցվում այդ եկեղեցին, Մանթաշյանցի եւ այնտեղ թաղված հայ անվանի գործիչների գերեզմանները։ Ալ. Մանթաշյանցը մեծ նշանակություն էր տալիս հայ ավանդական ընտանիքի ամրությանը։ Իր հարստությունը բաժանելով ութ զավակների միջեւ՝ նա ընդգծել է մի կարեւոր նախապայման. որդիները զրկվում էին ժառանգության իրավունքից, եթե չամուսնանան հայ օրիորդների հետ։ Բացի այդ, կտակով նա իր ժառանգներին զրկել էր անշարժ գույքը վաճառելու իրավունքից։ Այդ ամենը պետք է ժառանգաբար անցներ թոռներին, որոնք կարող էին տեր դառնալ միայն 30 տարեկան հասակում։ Այսինքն՝ նրանք կապված պետք է լինեին իրենց ծննդավայրին, նրա հող ու ջրին։         Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ալ. Մանթաշյանցի բոլոր զավակները վտարանդվեցին Ֆրանսիա եւ բնակություն հաստատեցին Փարիզում։ Հայտնի է, որ կրտսերի՝ Հովսեփի որդին՝ Սանդրիկը, վերջերս Փարիզից եկել էր Հայաստան՝ ծանոթանալու իր նախնիների երկրին։         Ալ. Մանթաշյանցի կատարած բարեգործությունները մեծաթիվ են. հայտնիներից թվենք եւս մի քանիսը. կառուցել է Թիֆլիսի քարվանսարան, առեւտրական խանութների շարքը, ծերանոցը (այժմ՝ մանկական հիվանդանոց), Դիդուբեի ձիաբուծական գործարանը, «Բո-Մոնդ» հյուրանոցը, բազմաթիվ բնակելի տներ Բաքվում եւ Թիֆլիսում, Երեւանի համերգային փոքր դահլիճը եւ այլն։ Իսկ անհայտ բարեգործություններն անթիվ են, որոնց մասին միայն մերձավորները գիտեին։ Ահա թե ինչու նրա ազգասիրության մասին Ալ. Շիրվանզադեն գրել է. «...Սիրտը՝ ահա գլխավորը, որ կատարում էր միակ դերը եւ վեհ դերը Մանթաշյանցի բարեգործությունների մեջ։ Նա տալիս էր առանց ետին հաշիվների, առանց գաղտնի մտածումների, առանց սին փառամոլության։ Տալիս էր, որովհետեւ այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին»։ Մանթաշյանցի հայրենասիրության վկայությունն էր նաեւ այն, որ ընտանիքի անդամները տանը պարտավոր էին խոսել միմիայն հայերեն։        

Լույս ու առատություն, բարություն եւ ազնվություն տարածելով յուր շուրջը՝ Ալեքսանդր Մանթաշյանցը հիմնել է մի անձեռակերտ հուշարձան իր համար՝ հավետ մնալով հայի սրտում եւ հիշողության մեջ։
http://www.hayernaysor.am/Alexander-Mantashov

Комментариев нет:

Отправить комментарий